Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«ՈԳԵՎՈՐՎԱԾ» ՆԱԶԱՐԲԱԵՎԸ, «ԼԱՎԱՏԵՍ» ՄԵԴՎԵԴԵՎՆ ՈՒ «ՄԹՆԱԾ» ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ

«ՈԳԵՎՈՐՎԱԾ» ՆԱԶԱՐԲԱԵՎԸ, «ԼԱՎԱՏԵՍ» ՄԵԴՎԵԴԵՎՆ ՈՒ «ՄԹՆԱԾ» ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ
18.12.2009 | 00:00

Ինչպես հայտնի է, Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանն օրերս ստորագրեցին միասնական մաքսային տարածք ստեղծելու կամ մաքսային միություն ձևավորելու մասին համաձայնագիր։ Այս իրադարձությունը որոշ շրջանակներ համեմատում են այն տեսական ցանկության հետ, թե «ԽՍՀՄ-ը հառնում է մոխիրներից»։ ՈՒրիշներն այն գնահատում են իբրև խոշորամասշտաբ քարոզչական նախաձեռնություն։ Սակայն, ինչ էլ լինի, հարկ է նկատել, որ եթե 2010-ի հունվարի 1-ից մաքսային միությունն իսկապես սկսի գործել, ապա դա կլինի ոչ միայն բազմանշանակ ինտեգրացիոն նոր գործընթաց հետխորհրդային տարածքում, այլև նոր աշխարհաքաղաքական դասավորություն ստեղծելու սկիզբ։
Համենայն դեպս, երեք երկրների նախագահները որոշել են, որ 2010-ից սկսած գործելու է միասնական մաքսատուրք նոր մաքսային միության ողջ տարածքում, կստեղծվի նաև Մաքսային միության հանձնաժողովի քարտուղարություն, որը, փաստորեն, վերազգային մարմին է լինելու։ Աշխատանքներ կտարվեն միասնական մաքսային օրենսգիրք ստեղծելու ուղղությամբ` հնարավորինս կարճ ժամանակահատվածում։ Միևնույն ժամանակ բնութագրական է, որ այս աննախադեպ «միավորիչ» նախաձեռնության վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվեց Բելառուսում, որտեղ գրեթե 18 տարի առաջ ստորագրվեց ԽՍՀՄ-ի լուծարման Բելովեժյան համաձայնագիրը։ Եվ թեկուզ նոր նախաձեռնության վերջնական մարմնավորման նախօրեին փորձագետներն ընդգծում էին, որ բանակցությունները շատ դժվար են ընթանում, ու մասնակիցները երկարատև բանավեճերից արդեն խռպոտել են, այնուհանդերձ, ստորագրությունները դրվեցին։ Միաժամանակ ստորագրվեց 30 միջազգային պայմանագիր, որոնց շնորհիվ երեք պետություններում գործող միասնական մաքսատուրքը սկզբունքորեն ձևավորված է։
«Պատմական իրադարձության» ավարտին, ինչպես նշում են ԶԼՄ-ները, «ոգևորված» Նազարբաևը, «լավատես» Մեդվեդևը և «մթնած» Լուկաշենկոն, այնուհանդերձ, շատ դրական հեռանկար կանխատեսեցին` արձանագրելով, որ միասնական Մաքսային միությունն ամբողջությամբ կձևավորվի և կգործի 2010-ի հուլիսի 1-ից։ Այդ ժամանակ էլ կվերացվի մաքսային հսկողությունը ռուս-բելառուսական սահմանում, մեկ տարուց նույնքան ազատ կդառնա ռուս-ղազախական սահմանն ու այդպիսով կստեղծվի երեք պետությունների միասնական մաքսային տարածք։ Բացի այդ, ակնկալվում է, որ այսօր` դեկտեմբերի 18-ին, Ալմա Աթայում կհավաքվեն արդեն ոչ միայն Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի, այլև Ղրղզստանի ու Տաջիկստանի նախագահները` միասնական տնտեսական տարածք ձևավորելու շուրջ բանակցություններ վարելու համար։ Նրանք մտադիր են այդ խնդիրը լուծել մինչև 2012 թվականը և ունենալ բաց սահմաններ` ապրանքների, աշխատուժի ազատ տեղաշարժի համար, իսկ այս միասնական տնտեսական տարածքը վարելու է միասնական էներգետիկ և դրամային քաղաքականություն։
Ղազախստանի նախագահը, որն ինտեգրացիոն գործընթացում որոշիչ դերակատարություն ունեցողներից մեկն էր, Մաքսային միություն ստեղծելու առնչությամբ արդեն հայտարարել է, որ այն «ցանկացած բիզնեսմենի երազանքն է»։ Ըստ նրա, մաքսային միության ձևավորումը Ռուսաստանին կբերի մինչև 400 մլրդ դոլարի եկամուտ, Բելառուսն ու Ղազախստանը համապատասխանաբար կստանան 16-ական մլրդ դոլար։ Բայց գլխավոր հույսն այն է, որ կբացվի 170 մլն մարդ ընդգրկող հսկայական շուկա, որի համախառն ներքին արդյունքը, նախնական հաշվարկներով, պետք է կազմի 2 տրիլիոն դոլար։ Նազարբաևը նաև կարծիք է հայտնել, թե նոր ստեղծված Մաքսային միությունը որոշիչ դիրքեր կզբաղեցնի ցորենի և էներգետիկ համաշխարհային շուկաներում, իսկ Ռուսաստանի վարչապետը, իր հերթին, հարկ է համարել ընդգծել, որ նոր ստեղծված Մաքսային միությունը բաց է նոր անդամների համար ու մասնավորապես հայտարարել է. «Մեր հաջորդ քայլը կլինի տնտեսական քաղաքականության համաձայնեցումը ոչ միայն Մաքսային միության մասնակից երեք երկրների, այլև միանալ ցանկացողների` Ղրղզստանի, Տաջիկստանի և Հայաստանի միջև, ինչպես նաև համաձայնեցումը վալյուտային կարգավորման ոլորտում, որպեսզի տնտեսության տարբեր ոլորտներն ունենան աջակցության միասնական մակարդակ»։
Ահա այստեղ անհնար է անտեսել ցանկալիի և իրականության որոշակի անհամապատասխանությունը։ Առաջին հերթին փաստ է, որ նոր Մաքսային միության ստեղծումը ողջունող հայտարարություններից բացի, առայժմ հետխորհրդային ոչ մի այլ երկիր այնտեղ ընդգրկվելու ցանկություն չի հայտնել։ Ճիշտ հակառակը, եղել են մասնավորապես ՈՒկրաինայի, Մոլդովայի, ՈՒզբեկստանի հայտարարությունները, որ առայժմ նման ցանկություն չկա, էլ չենք խոսում Ադրբեջանի կամ Վրաստանի մասին։ Բացի այդ, ըստ ռուսական ԶԼՄ-ների, Հայաստանի ներկայացուցիչը նշել է, որ «Երևանի համար գրավիչ է հենց տնտեսական, այլ ոչ թե քաղաքական հիմքի վրա համագործակցության ձևավորումը»։ Ղրղզստանի ներկայացուցիչն իր հերթին ընդգծել է, որ իրենք ԱՀԿ-ի անդամ են և նոր մաքսային միությանն անդամակցելու դեպքում հարկադրված կլինեն դուրս գալ ԱՀԿ-ից ու «ամբողջությամբ և անվերադարձ հանձնվել Ռուսաստանին, ինչը կնշանակեր կիսել նրա հետ նույն ճակատագիրը բոլոր հնարավոր դժվարություններով»։ Տաջիկստանի նախագահն էլ, կարծես, այս կապակցությամբ առանձնակի ոգևորություն չի դրսևորում և ընդամենն առաջարկել է առայժմ ձևավորել ընդհանուր էներգետիկ շուկա։
Այսպիսով, ոչ բոլորն են անվերապահ կիսում Ռուսաստանի ղեկավարության բուռն ուրախությունը։ Որովհետև այդ ոգևորիչ հեռանկարը, որ նկարագրվում էր մաքսային միության ձևավորման պահին, իրականում բոլորովին էլ այդքան վարդագույն չէ։ Համաձայնագիրը ստորագրելիս անգամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարկ համարեց նկատել. «Մի շարք որոշումներ խիստ զգայուն են մեզ համար, և ոչ ամեն ինչում ենք մենք տեսնում դրական հաջողության հնարավորություն»։ Ղազախստանում էլ ոչ բոլորն են ծափահարում, որովհետև բիզնեսի շրջանակներում կա լուրջ մտահոգություն, հատկապես այն առումով, որ Ղազախստանի ուղղակի «ջերմոցային» հարկային օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի ընդհանուր չափանիշներին, իսկ Ռուսաստանում և Բելառուսում այն բավականին կոշտ է։ Մտահոգություն կա նաև, որ համակարգող արտադրությունների համար արտասահմանից ներկրվող սարքավորումների մաքսատուրքն ընդհանուր Մաքսային միության կազմում հայտնվելու հետևանքով նույնպես աննախադեպ կբարձրանա։ Ղազախստանում մտահոգ է նաև հասարակ բնակչությունը, որ նոր համաձայնությունների ձևավորումը հանգեցնելու է ապրանքների ու ծառայությունների, չինական լայն սպառման ապրանքների մինչև 20 տոկոս գնաճի։ Ղազախները միաժամանակ վարժվել են էժան գնով օգտագործված, սակայն լավագույն արտասահմանյան արտադրության մեքենաներ ձեռք բերելուն, ու կա մտավախություն, որ ղազախական շուկան այդ իմաստով կփակվի` կրկին բացելով դռները ռուսական արտադրության «լադաների», «նիվաների», «ուազների» ու «գազերի» առջև, որոնց որակը, ինչպես խորհրդային շրջանում, անհամեմատելի է ճապոնական, գերմանական, շվեդական, ամերիկյան ու ֆրանսիական մեքենաների հետ։
Ինչպես հաշվարկել էր Բելառուսի նախագահը, Մոսկվայի նախաձեռնած այս գործընթացն իրականում կրկնակի ուժեղացնում է Ռուսաստանի դիրքերը, սակայն ավելի շատ աշխարհաքաղաքական, քան տնտեսական իմաստով։ Մոսկվայում բավականին միանշանակ շեշտում են. «Վերջապես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ասպարեզում կհայտնվի պետությունների միավորում, որը համաձայնության է եկել մի քիչ զիջել անկախությունից` հանուն ընդհանուր գործի»։ Կրեմլում հուսով են, որ Մաքսային միությունը կդառնա իրական հակակշիռ, որպեսզի հետխորհրդային տարածքի վրա չտարածվեն արևմտյան ու չինական ինտեգրացիոն մոդելները, ինչպես նաև իրականություն չդառնա կենտրոնասիական հանրապետությունների միավորման առանձին նախաձեռնությունը։ Մոսկվայում կրկին արթնացել է նախկին «մետրոպոլիայի» զգացողությունը և նույնիսկ հայտարարություններ են հնչում, որ նոր ստեղծված Մաքսային միությունը կդառնա հիմք Եվրասիական տնտեսական միության և գործնականում ԽՍՀՄ-ի վերածնման համար։ ԱՀԿ էլ կարելի է մտնել, այսպես ասած, ամբողջ «կոլխոզով»։ Տնտեսական հարթությունում էլ Մոսկվան չի տուժում, որովհետև նոր Մաքսային միությունում սահմանվող մաքսատուրքերի 92 տոկոսը համապատասխանելու է այսօր գործող ռուսական չափանիշներին։ Ընդ որում, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Լիխաչովը հայտարարում է, որ Ռուսաստանը նոր մաքսային միություն ձևավորելիս միաժամանակ մտադիր է պահպանել իր արդյունաբերողների պաշտպանվածության բարձր աստիճանը։ Մինչդեռ Բելառուսի և Ղազախստանի ներկայացուցիչները նշում են, որ Ռուսաստանն այս դաշտում ունի աներկբա առավելություններ. և՛ կապիտալներն են ավելի խոշոր, և՛ արդյունաբերությունն է ավելի հզոր։ Հետևաբար, կոշտ մրցակցության պայմաններում բելառուսական և ղազախական բիզնեսի առանձին ճյուղեր պարզապես կկլանի ռուսական բիզնեսը կամ կսնանկանան։ Այսինքն, երեք երկրները, ըստ էության, մտնում են շուկայի վերաբաժանման մի նոր փուլ, ինչը կարող է հանգեցնել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական անկայունության խորացմանը։
Բայց չի կարելի ասել, թե Ղազախստանն ու Բելառուսն առհասարակ ոչինչ չեն շահում, հակառակ դեպքում Նազարբաևն այդքան ջանադիր չէր լինի այս նախագծի իրագործման հարցում։ Կան բացահայտումներ, որ Մինսկն ու Աստանան արդեն իսկ որոշակի «բոնուսներ» են ստացել։ Ղազախական ԶԼՄ-ները մասնավորապես նշում են, որ նոր մաքսային միության ձևավորումից կշահեն ղազախական խոշոր արտահանող ձեռնարկությունները, որոնք զբաղված են արտերկիր նավթի, գազի և գունավոր մետաղների մատակարարմամբ։ Մասնավորապես Ղազախստանից Ռուսաստան են արտահանվում երկաթի հանքաքար, ածուխ, ուրան, գունավոր մետաղներ։ Դրա արդյունքում Ղազախստանի բյուջեն կմեծանա 800-900 մլն դոլարով։ Ավելի թույլ են Բելառուսի ձեռքբերումները, այդ պատճառով էլ Մինսկում մինչև վերջ տատանվում էին` արժե՞, արդյոք, ստորագրել։ Ի վերջո, Լուկաշենկոն համոզվեց` հանուն էժան էներգակիրների ձեռքբերման և բելառուսական արտադրողների համար ռուսական շուկայում «տեղ բացելու»` արժե։ Թեպետ Ռուսաստանի նախագահը որոշ չափով հիասթափեցրեց գործընկերոջը, արձանագրելով, թե էներգակիրների գների կարգավորումը մաքսային միության շրջանակներում լուծվող հարց չէ։ Առայժմ Մինսկը ստորագրել ու սպասում է, և եթե չլինի Մոսկվայի համարժեք արձագանքը հատկապես էներգակիրները Ռուսաստանի ներքին գներին հավասար արժեքով տրամադրելու մասին, ապա չի բացառվում, որ մաքսային միությանը սպասում է նույն վիճակը, որ ստեղծվել է ՀԱՊԿ-ում, ԵվրԱսՏՄ-ում և Ռուսաստան-Բելառուս «միութենական պետության» մեջ` Լուկաշենկոյի քաղաքականության հետևանքով։ Ի տարբերություն Մոսկվայի և Աստանայի իր գործընկերների, Լուկաշենկոն չի ցանկանում անհիմն լավատես երևալ և անթաքույց հայտարարում է. «2010-ին միասնական տնտեսական տարածք ստեղծելու նախաձեռնությունը հազիվ թե հաջող զարգացում ունենա, քանի որ իմ շատ գործընկերներ առանձնապես չեն ուզում մտնել այդ լարված ու ծանր աշխատանքի տակ»։
Միևնույն ժամանակ փորձագետները նշում են, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև մաքսային արգելքների վերացումը սովորական իրավական ու քաղաքական խնդիր չէ։ Շատ տարբեր են երեք երկրների օրենսդրությունները, բազմավեկտոր են նրանց շահերն ու արտաքին քաղաքական կապերը։ Կարծիքներ են հնչում, որ նախագծին մեկնարկային շատ կարճ նախապատրաստական ժամկետ է տրված, և դա կհանգեցնի նրան, որ չի հաջողվի ապահովել փոխադարձ շահերի իրական հավասարակշռություն նոր մաքսային միության համակարգում։ Որպես կանոն, հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն միավորումները, լինեն դրանք տնտեսական, թե քաղաքական, հիմնականում գոյատևել են պետությունների միջև երկկողմ հարաբերությունների հարթությունում։ Ըստ այդմ, միանգամայն հավանական է, որ նոր Մաքսային միությունում ճգնաժամային դրսևորումները դեռ առջևում են, ինչը սակայն Մոսկվային առայժմ չի մտահոգում։ Կրեմլում ոգևորություն է, իսկ նախագահի ԱՊՀ հարցերով խորհրդական Վիկտոր Չեռնոմիրդինն ընդգծում է, թե ամեն ինչ շատ լավ է. «Որովհետև բոլորս էլ նույն շինելից ենք դուրս եկել»։ Անկախ փորձագետները, սակայն, աչքաթող չարեցին այն հանգամանքը, որ վերջին 20 տարվա ընթացքում, փաստորեն, այս գլխավոր «միավորիչ» նախաձեռնությունը մտադրություն կա ավարտին հասցնել 2012-ին` Ռուսաստանում հաջորդ նախագահական ընտրությունների նախաշեմին։ Եվ սա, իհարկե, պատահական չէ։ Բայց եթե հասարակ քաղաքացիները նույն գնով «Ժիգուլի» կամ «Մերսեդես» ձեռք բերելու փաստի առջև կանգնեն, անկասկած, նախընտրելու են երկրորդը։ Որակը բարձր է։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1512

Մեկնաբանություններ